Չորեքշաբթի ընկերականների հսկա շքահանդես էր աշխարհում: Արև էր բացվել և մեր կողմերում, թեպետ աշխարհի ուժեղների համար փռված սեղանին մենք աղքատ բարեկամի կարգավիճակ ունենք, ու այնքան էլ հայտնի չէ, թե, առնվազն կենտրոն տեղափոխվելու ախորժակ ունենալով հանդերձ, սեղանի ծայրին դեռ որքան երկար ենք նստելու:
Լիտվայի հետ ընկերական հանդիպումով Հայաստանի ընտրանին ավարտեց ֆուտբոլային ընթացիկ տարին: Խաղը մերոնք շահեցին խոշոր հաշվով` ընկերական խաղերին վայել մեծ թվով ֆուտբոլիստների փորձարկումով: Թե դրանց արդյունքում հավաքականի գլխավոր մարզիչն ինչ հետևություններ կանի, լայն հանրության համար առայժմ մնում է գաղտնիք: Ինչ վերաբերում է ֆուտբոլասերներիս, ճտերը հաշվելու գործընթացի մեջ կներքաշվենք արդեն մյուս տարվա գարնանից` հուսալով, որ, համենայն դեպս, որակապես այլ խաղամակարդակի ֆուտբոլ կունենանք դիտելու, քանզի ընթացիկ տարում մեր տղաներն ուրախացնելու և ուրախանալու քիչ բան ունեցան:
Անդրադառնանք խաղի հաշվին: Ինչ խոսք, 4:2-ը խփած-բաց թողածի վատ հարաբերակցություն չէ, թեպետ արդյունքի առումով 1:0-ն էլ նույն տրամաբանության շրջանակներում դիտարկելի բան է, եթե հաղթանակը քոնն է լինում: Գոլերը խփեցինք Էդգար Մանուչարյանի, Կառլեն Մկրտչյանի, Հենրիխ Մխիթարյանի, Արաս Օզբիլիսի ջանքերով (հուրախություն բոլորիս, այս տղան վայրկյան-վայրկյան է հասունանում), քիչ թե շատ հովացրինք մրցակցից նախկինում 3:0 հաշվով կրած պարտությունից դառնացած սրտներս, ուրախացանք, որ կարողացածի սահմաններում վայելած հանգստի ուղարկեցինք Սարգիս Հովսեփյանին` Հայաստանի ֆուտբոլի նորօրյա պատմության մեջ նշանակալի ավանդ ունեցած մարզիկին ու մարդուն, դառնացանք, որ հարկ եղածի պես չկարողացանք լցնել «Հանրապետականը», որը, երևի թե մեր յուրօրինակ բողոքի արտահայտությունն էր Իտալիայի հետ խաղում տոմսերի գների թանկությունից:
Խոշոր հաշվով երևի թե այսքանը, սակայն մտավախությամբ, որ եթե հենց այստեղ դնեմ վերջակետ, ընթերցողը, հավանաբար, կմտածի` էս ինչ հոգնած անդրադարձ էր խաղին: Այստեղ ստիպված եմ հակադարձել` անդրադարձը հոգնած չէ, բարեկամներս: Եթե ուզում եք սիրտ պատռող վերլուծություն մի խաղի, որն առանձնակի լրջություն չուներ իր մեջ, իսկ փոփոխությունների հեղեղով նման էր հասկանալի պատճառներով ամուսնուց դեռևս նախորդ գիշեր դժգոհ մնացած տանտիկնոջ պատրաստած կերակուրի, ապա երկնահաս դիֆիրամբները կարդացեք համապատասխան որակավորում ունեցող լրատվամիջոցներում: Իսկ թե խնդրո թեմա խաղի սույն անդրադարձը որքանով աղերսներ ունի իրականության հետ, կարդացեք իրենց իսկ` ֆուտբոլիստների արձագանքներն իրենց իսկ խաղին:
Դառնանք նույն օրը կայացած մյուս ընկերականներից մի քանիսին: Շվեդների ոսկե տղան, որ իսկական բոլդինյան աշուն է ապրում (ականջդ կանչի, Պուշկին), բրիտանացիների հետ խաղում իր թիմին առաջ մղեց քսաներորդ րոպեին: Անգլիացիները, բնականաբար, տակ չմնացին ու առաջին խաղակեսի արդեն երեսունութերորդ րոպեին խաղը շահում էին 2:1 հաշվով: Ինչ հետևեց սրա՞ն: Եթե ասեմ` Իբրահիմովիչին վրա հասած մուրադավայել կատաղությունը, վախենամ թե ասածս բառի բուն իմաստով չհասկանաք: Հանդիպման վերջին տասներեք րոպեներին, մոտավորապես հավասար միջակայքերի պահպանումով, նա երեք գոլ էլ խփեց մրցակցի դարպասը` դառնալով ֆուտբոլային պոկերի հեղինակ: Հատկապես արտառոց գեղեցկության էր չորրորդ գոլը, որով այս հրաշալի ֆուտբոլիստը հիշեցրեց նաև իր կարատեիստ լինելը:
Հերթական ոչ-ոքին` 0:0, այս անգամ հոլանդացիների հետ, խաղաց Յոախիմ Լյովի թիմը, որը կարծես թե այդպես էլ չի կարողանում դուրս գալ մեկ խաղ առաջ շվեդների հետ ունեցած սարկաստիկ ոչ-ոքիի կործանիչ ազդեցությունից ¥պիտի որ հիշեք` ակնարկված խաղում գերմանացիները մինչև վաթսուներորդ րոպեն հաղթում էին 4:0 հաշվով):
Արտագնա խաղում Ֆրանսիայի ընտրանին ոչ ընկերական ապտակ հասցրեց ընթացիկ տարում ֆուտբոլասերներին իր խաղով հաճելիորեն զարմացրած Իտալիայի հավաքականին: Մեր հավաքականի 2։4-ի ֆոնի վրա ֆրանսիացիների 2:1-ը, ինչ խոսք, այնքան էլ տպավորիչ հաշիվ չէ, սակայն իր պատժիչ ու ինքնասիրություն վիրավորող նշանակությամբ անհամեմատելի է, թեպետ, եթե անկեղծ խոսելու լինենք, լիտվացիները մեզնից վիրավորված հեռանալու պակաս հիմքեր չունեն: Այնպես որ, համեմատությանս մեջ վիրավորական շեշտեր չկան, ու եթե վերը չեմ ասել, ասեմ այստեղ` ապրեն մեր տղաները:
Եղած մյուս ընկերականներից է՞լ որը հիշատակենք, որ ընթերցողը մեզնից առանձնապես չնեղանա: Կարծում եմ` տպավորիչ էին ուրուգվայցիները լեհերի (3:1), կոտդ’իվուարցիները` ավստրիացիների հետ հանդիպումներում (3:0): Ի դեպ, երկուսն էլ հաղթել են արտագնա խաղում:
Որքան էլ հյուրընկալվելիս անակնկալ էր Գաբոնում պորտուգալացիների ոչ-ոքին` 2:2, նույն տողատակով է անցնում և արգենտինացիների գոլազուրկ հանդիպումը Սաուդյան Արաբիայի ընտրանու հետ, և սա այն դեպքում, երբ հարավամերիկացիների հարձակման գծում են եղել Մեսին, Ագուերոն, դի Մարիան (տեսնես արաբ փողատերերի միացյալ կապիտալը քանի՞ միլիարդ է կազմում):
Հա, քիչ էր մնացել մոռանայինք Պանամայի ընտրանու նկատմամբ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն իսպանացիների արտագնա հաղթանակը`5:1: Աչքաթող չանենք և Կոլումբիայի ընտրանու հետ սեփական հարկի տակ աշխարհի հնգակի չեմպիոնների ոչ-ոքին` 1:1:
Անելը, որ անել է, մի գոհացում էլ տանք մեզնից հյուսիսը սիրողների ստվար բանակին: Ռուսները սեփական հարկի տակ 2:2 խաղացին ամերիկացիների հետ: Անկեղծ ասած, այս մեկը, չգիտեմ, ընտրություններում Օբամայի տարած հաղթանակը նաև այս կերպ շնորհավորելու ռուսական կողմի ձգտում-ցանկությունո՞վ էր պայմանավորված, թե՞ ռուս-ամերիկյան ուրվագծվող, սակայն այդպես էլ չգծագրվող ստրատեգիական բարեկամությամբ:
Այսքան բան: Եթե որևէ մեկին չկարողացա գոհացնել, խոնարհաբար հայցում եմ նրա ներողամտությունը: Խոստանում եմ` հաջորդ նյութում անպայման կուղղվեմ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ